Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:

Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր ՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով  հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված : Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով,  դպրոցի կալվածներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե՝ կղերական և թե՝ քաղաքացիական իրավասության տակ՝գյուղացիները գրեթե հայացել էին: Օրինակ՝ ժամերգությունը կատարվում էր հայերեն լեզվով :

Օրանգուտանի նման  սափրված մի կաթոլիկ աբբա կատարում էր պատարագի արարողությունը մաքուր գրաբար լեզվով, իսկ գյուղացի մանուկ տիրացուները երգում էին շարականները կոտրտված հայերենով: Այդ փոքրիկ բնակչության հոգեկան դաստիարակությունը ՝ մկրտություն, հարսանիք, թաղում, խոստովանանք և այլն, հանձնված լինելով Մխիթարյաններին, բոլորը կրում էին հին հայկական պատմական անուններ. օրինակ՝ դպրոցի տնտեսուհին, արևից այրված պառավ մի  իտալուհի, կոչվում էր սինյորա Վարդուհի, իսկ իր ամուսին-դռնապանը ՝ սինյոր Հմայակ :

Ամբողջ երկու ամիս աշակերտները հանգստանում էին այդ գյուղում, ամեն օր զանազան խմբերի բաժանված ՝ հեռավոր էքսկուրսիաներ կատարելով մինչև իտալական Ալպերի ստորոտը: Աշխարհի ամեն ծայրից հավաքված ուշիմ և քաջառողջ պատանիներ էին բոլորն էլ: Նրանց մեջ կային աշակերտներ Սեբաստիայից, Կահիրեից, Փարիզից , հեռավոր Բուենոս Այրեսից, Կուբանից, Թիֆլիսից և  վերջապես  Արևմտյան Հայաստանի ամենահեռավոր վայրերից : Բայց ես անմիջապես զգացի, որ այդ զանազան վայրերից եկած տղաները իրենցից ներկայացնում էին միաձույլ մի զանգված, մի տեսակ դասիարակչական սիստեմի արդյունք: Կային և ուսանողներ Եվրոպական զանազան համալսարաններից, որոնք եկել էին իրենց արձակուրդը անցկացնելու իրենց  ծերունի դաստիարակների մոտ: Բոլորը հագել էին ամառվա համազգեստ:Արձակուրդի վերջին օրերին Եվրոպայից եկավ հանգստանալու Դանիել Վարուժանը հայտնի օֆորտիստ Էդգար Շահինի հետ, ովքեր նույնպես Մխիթարյանները պատիվ ունեն իրենց սաների թվում հաշվելու: Երկար տարիներ չէի տեսել բանաստեղծ ընկերոջս. մեծացել էր, բարակ և անհավասար բեղերը ծածկել էին վրա վերին շրթունքը : Բայց միշտ նույն թախծալից աչքերն ուներ … Եվ ահա մի օր էլ ամբողջ դպրոցով վերադարձանք Վենետիկ՝ սկսելու ուսումնական տարին:​

Դպրոցը՝ Մուրատ Ռափայելյանի լիցեյը, Կարմինի կանալի վրա՝իտալական ռենեսանսի ոճով, 17-րդ դարու սկզբներին կառուցված վաղեմի ավանդական Զենոբիա տոհմի պալատն էր: Այդ տոհմըՎենետիկի Հանրապետությանը տվել էր մեկից ավելի դոժեր ինչպես Մոնչենիկո 4-րդը, որը հայտնի էր թուրք սուլթան Սուլեյման 3-րդի դեմմղած իր պատերազմներով, տվել էր նույնպես մի քանի ծովակալ, իթիվս նրանց՝ հայտնի Ջուզեպպե Մոռոզնին, որը Լևանդի ծովամարտում ջախջախեց ու ոչնչացրեց թուրքական նավատորմիղը:Ահա թե ինչու այդ գեղեցիկ շենքը զարդարված էր թանկագին որմնանկարններով, Տիեպոլոյի ստորագրությամբ, Չելլինիի, Կանովայի ձեռագործ անդրիներով և մարմարև քանդակներով, և նրա հանդիսավոր սրահում` հնամենի թանկարժեք կարասիների կողքին,երևում էին Տինտորեստտոյի, Վերոնեզեի նման մեծամեծվարպետների գործեր:

Մխիթարյանները այդ հնադարյան պալատը դպրոցի վերածելիս ոչ միայն չէին փոխել նրա ներքին կարգն ու սարքը, այլև հետզհետեհարստացրել էին նրա գեղարվեստական արժեքը՝ հաջորդականգնումներով: Իսկ գրադարանը հաշվում էր Վենիտիկի լավագույներից մեկը:

….Դպրոցի ձմեռվա գավաթում երկու մեծադիր արձան էր կանգնած, մեկը՝ Ֆառնեզյան Հերակլեսի,իսկ մյուսը՝ մի անծանոթ անդրիագործի վեստալյան քրմուհին: Շատ էի սիրում այդ քրմուհուն, որիծալեծալ քղամիդի տակից երևում էր նրա սիրուն ու փոքրիկ տոտիկը:

…Դպրոցի առողջապահական ռեժիմը խիստ էր: Յուրաքանչյուր աշակերտ ուներ իր առանձին ննջարանը, որի մեջտեղում դրված էր ընկուզենուց մի պարզ մահճակալ, առանց բարձի, սավանի ևվերմակի պառկոււմ էինք բոլորովին մերկ չոր տախտակի վրա: Սենյակը դուռ չուներ: Մինչևարշալույս՝ անծայր միջանցքի երկայնքով դանդաղ ման էր գալիս հերթապահ հսկիչը և, մեկ-մեկսենյակները մտնելով, ստուգում էր աշակերտների քունը:

Շենքի ջերմաստիճաը նույնն էր պահվում ամառ, թե ձմեռ: Ուղիղ ժամը վեցին ուժեղ թմբկահարությունը արթնացնում էր բոլորիս: Որից հետո անմիջապես պարտավոր էինք մերկ կանգնել մեր անդուռ ննջարանի շեմքին, մինչև հերթապահ-հսկիչը, որը այդ տարի մի նախկին զինվորական էր, շլանգը ձեռին՝ սառը ջրով ոտից մինչև գլուխ ողողում էր յուրաքնչյուրիս: Այդ սպարտական լոգանքից հետո թաց մարմնով ամբողջ շարան կազմած իջնում էինք գավիթը և, մի տասը րոպե վազելուց հետո մի քսան րոպե զբաղվում էինք մարմնակրթանքով, որից հետո միայն չորացած, տաքացած և կայտառ վերադառնում էինք մեր սենյակները և հագնվելով  ուրախ քրքիջներով լցնում ճաշարանի դահլիճները:Այս բոլորից հետո միայն սկսում էր դասավանդումը:​

Սովորում էի հաջող` արագությամբ յուրացնելով  ավանդված դասերը, միշտ մնալով նույն անտանելի չար պատանին: Հայ դպրության և լեզվի ավանդումը, ինչպես միշտ, Մխիթարյան   հայերը վերապահում էին իրենց` մնացյալ առարկաների համար հրավիրելով քաղաքի լավագույն մասնագետներին: Իսկ գրաբար լեզվի ավանդումը  այդ տարին հանձնված էր Քասգանդիլյանին:  Կարճահասակ, կորաքամակ, իր պարզունակ սքեմի մեջ, միշտ ցրտից դողդողացող, տարիների բեռան տակ կքած, իր նվաղ ուսերի վրա մի մեծ  գլխով, որի մանակական անխորշոմ  արտահայտությունը չէր համապատասխանում ալեզարդ երկար մազերին, ծանծաղ մորուքը միշտ քամուց տարուբեր, արագոտն և դյուրաթեք, հակառակ մեծ տարիքին, բոլորին առինքնող, աշխարհում բնակվող` սակայն ոչ աշխարհից: Հիանալի մի ծերուկ էր Քասգանդիլյանը:  Այդ փոքրիկ, մեծ մարդու ամբողջ ներքնաշխարհը պարզ արտացոլվում էր նրա աչքերում: Կյանքումս այդպիսի աչքերի չեմ հանդիպել: Երբեմն թվում էր, որ մի հինավուրց մեհյանի խորքում պլպլացող կանթեղ էին այդ աչքերը, երբեմն էլ կարծես նրանց մեջ  փայլում էին բոլոր երկինքները: Ոսկեդարյան գրաբարի ավանդումը նրան էր հանձնված, և  նա պահանջում էր իր աշակերտներից խոսել անպայման գրաբար և միայն գրաբար:  «Զի սա է, — ասում էր նա, — աղբիւր բարբառոյ մերոյ հայրենականի». և ամեն ինչ ներում էր այդ աշակերտին, որը կարողանում էր իր հետ խոսել այդ լեզվով:  Քասգանդիլյանը շատ էր հարգված քաղաքի բարձր դասից, մեծ էր նրա հմայքը և ամբողջ Իտալիայում: Գերմանիայի և Անգլիայի հայագետ պրոֆեսորների հետ թղթակցում էր միշտ գրաբար լեզվով և նրանցից մի քանիսի ազնվական բարեկամն էր: Անձնական բարեկամն էր և´ Վենետիկի պատրիարք, Հռոմեական կղերի ամենակարկառուն դեմքերից մեկի` կարդինալ Ռամպոլլայի, որը հաճախ նրա հյուրն էր լինում  դպրոցում զբաղեցրած նրա խցիկում: Այդ խցիկը հին, փոշոտած մագաղաթների հետ  ամենաթանկարժեք նկարների մի լաբիրինթոս էր, որի մի անկյունում երևում էր նրա փոքրիկ, պարզունակ և համեստ մահճակալը: Իսկ նրա ընդարձակ սեղանի վրա` անհամար ձեռագրերի կույտերի մեջ, Չելլինիի ձեռագործ մի խաչելություն կար և ներսից մոմով լուսավորված մի գանգ:  Քասգանդիլյանը դասերն ավանդում էր ո´չ թե դասարանում` աշակերտների դիմաց նստած, այլ դպրոցի մարմարյա գավիթը բոլորող սյունազարդ կամարների տակ ման գալով: Ճիշտ այնպես, ինչպես հելլեն փիլիսոփաները Աթենքում: Իսկ մենք` աշակերտներս, տետրակ ու մատիտ ձեռքներիս հետևում էինք նրան, շրջապատում կամ առաջը կտրում: Դրա համար ալևոր ուսուցչի դասավանդությունը մի տեսակ ինտիմ և խելացի խոսակցության բնույթ էր կրում:

Արդեն երկու տարի է՝ աշակերտ էի Մուրադ-Ռաֆայելյան լիցեյում: Ձմեռ էր, հունվար ամսին, եթե չեմ սխալվում, և տարվա այդ եղանակին Վենետիկը` Ադրիականի թագուհին, շնորհիվ իր ջրանիստ դիրքին` հիշեցնում էր մի լալկան սգավոր կնոջ: Այդ օրվա դասախոսությունը Դավիթ Անհաղթի վերլուծումն էր և անպայման գրաբար լեզվով, իհարկե: Այդ միջոցին էր, որ Ռամպոլլայի կողմից մի սիրուն և փոքրիկ կողովի մեջ, թարմ և կանաչ տերևներով ծածկված, գեղեցիկ ելակներ նվեր բերին  Քասգանդիլյանին: Ռամպոլլան իր պալատում մի ձմեռային պարտեզ ուներ, ուր ինքն իր ձեռքով  աճեցնում էր այդ ելակները, որոնք տարվա այդ եղանակին հազվագյուտ և թանկագին նվեր էին, որով հարգո կարդինալը կամեցել էր պատվել իր ալևոր բարեկամին: Երեխայի նման ուրախացավ Քասգանդիլյանը. մեղրամոմի նման իր մատներով զգույշ վերցնելով տերևները` թաց աչքերով փառաբանում էր «ամենակալին», որպես ստեղծողի ամենայն գեղեցկություն, ի թիվս նրանց և´ելակի, որի բուրավետ համը կարծես նա ավելի հոգով էր ճաշակում, քան շրթունքներով: Բայց նկատելով, որ իրեն շրջապատող աշակերտները, փոխանակ հոգեպես ճաշակելու արարչի ստեղծած այդ պտուղները, տրամադիր էին շրթունքերով լափել, խեղճ մարդը յուրաքանչյուրիս բերանը մի-մի ելակ դնելուց հետո  սարսափով տեսավ, որ զամբյուղի հատակում մնացել է ընդամենը յոթ ելակ: Մի րոպե փնտրելուց հետո, թե ու՞մ կարող էր հանձնել այդ թանկագին մնացորդը մինջև դասավանդության վերջանալը` ամենքից ավելի վստահելին ինձ գտավ և ասաց. «Որդեակ իմ, Վահրամ, առ զզամբիւղս զայս, հանդերձ ելակաւ, որ ի մէջ զամբիւղին, և դիր ի վերայ սեղանոյ իմոյ ի խցի իմում»: Այդ միևնույնն էր, թե կատվին պանիր վստահվեր: Բայց նա երեխայի նման պարզասիրտ էր: Զամբյուղը ձեռիս արագ վազեցի մինչև շենքի երկրորդ հարկը, ուր գտնվում է Քասգանդիլյանի խցիկը: Զամբյուղը սեղանի վրա դնելուց առաջ մի երկուսը կերա իբրև վարձատրություն իմ կատարած աշխատանքի, հատակում թողնելով միայն հինգը… արագ իջա սանդուղքներից, բայց կես ճանապարհին չհասած՝ մտածեցի և եզրակացրի, որ հինգ ելակը շատ էր ալևոր ուսուցչիս տկար ստամոքսի համար, և կայծակի արագությամբ մտա կրկին անգամ նրա խցիկը և … կերա երեքը ևս: Մնաց երկուսը: Իջնում էի, այս անգամ դանդաղ քայլերով՝  առաջին անգամ զգալով, որ հակառակ ֆիզիկական օրենքների` ելակը ևս մագնիսական ձգողություն ունի… և մինչև սանդուղքների ներքևի  աստիճանը հասնելուց հետո  սկյուռի արագությամբ նորից վերև բարձրացա ու միանգամից կուլ տվի մյուս երկուսը ևս՝  այս անգամ առանց ծամելու: Բայց երբ պատրաստվում էի հեռանալ խեղճ դաստիարակիս խցիկից, խղճի խայթը արթնացավ մեջս, և ցանկանալով «դարմանել» կատարվածը՝ հավաքեցի սեղանի վրա ցրիվ եկած, քանիցս  խզված, նորից գրված, դարձյալ վերանայված և նորից գրված ձեռագիր բանաստեղծությունները, ճմռթելով դրանք, դրի զամբյուղի մեջ ելակների փոխարեն … և նույն կանաչ տերևներով ծածկեցի: Հանգիստ խղճով, թեթևացած հոգով իջա ներքև, ուր դասավանդությունը շարունակվում էր,  որին հետևեցի ուշիուշով մինչև վերջ: Բայց երբ հնչեց դասավարման  զանգը, որից հետո սկսվում էր զբոսանքի ժամը դպրոցի պարտեզում, Քասգանդիլյանը, մոռանալով այս անգամ գրաբարի լեզուն, ժամանակակից հայերենով ասաց «Հիմա էլ ես գնամ ելակ ուտելու» ասելով, հեռացավ մեզանից: Անմիջապես զգացի կատարած հանցագործությունս և սկսեցի մտածել, թե ուր ծակամուտ պահվեմ:

Պարտեզի ճիշտ մեջտեղում, ուղիղ Քասգանդիլյանի պատուհանների առաջ, բարձրանում էր հարյուրամյա մի գեղեցիկ թմբի: Լռիկ մագլցեցի վեր, սկյուռի նման կկզեցի ծառի կատարին, որտեղից  ճյուղերի մեջ թաքնված պարզ տեսնում էի խցիկի ներսը…: Ահա զգույշ բացվեց դուռը. ձեռքերը իրար շփելով, — մի բան, որ նրա մոտ ուրախության արտահայտություն էր, — մոտեցավ զամբյուղին` երեխայի նման հրճվելով: Հետո, կարծես վախենալով, որ իրեն հանկարծ կխանգարեն, արագ վերադարձավ դեպի սենյակի դուռը և ներսից կողպեց բանալիով: Նստելով զամբյուղից առաջ՝  փոքրիկ երեխայի նման գրկեց զամբյուղը և մատներով զգույշ սկսեց բաց անել թարմ տերևները՝  աչքերը դեպի երկինք, գոհացում հայտնելով արարչին` նրա անբավ բարիքների  համար…

Անկարող եմ նկարագրել նրա աչքերի մեջ արտահայտված անակնկալ հիասթափումը, որը փոխվեց գազազած զայրույթի, և փոխարեն ակնկալված ելակների, զամբյուղի հատակում գտավ իր ճմռթված  սեփական ձեռագիրը: Այս բոլորը տեսնում էի ծառի կատարից` վախից սահմռկած, երբ հանկարծ ծերունի նահապետը բաց արեց պատուհանը և մինչև կես-մեջքը դուրս ընկնելով, ալեխառն մազն ու մորուքը քամուն տված՝ սկսեց փնտրել հանցավորին` հիշեցնելով զայրացած հայր Աստծուն ամպերի միջից` մեր հանցապարտ նախահորը փնտրելիս… Եվ ահարկու ձայնով գոռաց. « Նզովից արմատդ, Վահրամ, դու ու՞ր կաս». « Ա´ստ եմ, Հայր», գոչեցի ծառի կատարից: «Ընդէ՞ր ճաշակեցիր ելակն իմ, և առ ի՞նչ  թակեալ կաս ընդ սաղարթին թմբոյն`այս պատուականին»: «Հանցաւոր էի և թաքեայ երեսաց քոց այլև ելակն քոյ, մաքրազարդեցի, քանզի հաճոյ էր քմացս»:

Քասգանդիլյանը ամեն բան ներում էր գրաբար լեզվի քաջավարժ աշակերտին: Ներեց, իհարկե, և ինձ՝ մի քիչ ականջիս ծայրը ոլորելով միայն և ցավ հայտնելով, որ գոնե մի ելակ չեմ թողել զամբյուղի հատակին:

Սովորություն էր ամեն օր, ցերեկվա զբոսանքին երկուական խնձոր տալ աշակերտներին: Լոմբարդիան հարուստ էր խնձորով, և Մուրատյան դպրոցի կալվածները մայր ցամաքում անսպառ խնձոր էին հայթհայթում աշակերտներին: Ուշ աշնան այդ գեղեցիկ բերքը, գրեթե ամբողջությամբ, ծովի ճամփով փոխադրվում էր դպրոցի մառանը և լիովին բավարարում տեսչության «խնձորաբուժական» ձգտումներին: Եվ որովհետև ամենագեղեցիկ իրը առօրյա դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից՝ այդ ավանդական պտուղը անհրապույր էր դարձել բոլորիս համար, որով ավելի շուտ գնդակ էինք խաղում, քան թե ուտում: Մառանը, ուր պահվում էր արժեքից ընկած, սակայն և պարտադիր պաշարը, գտնվում էր հսկա շենքի ներքնահարկում, և ցանցապատ պատուհաններից ընդունում էր իր պահպանման համար անհրաժեշտ թարմ օդը, որոնք բացված էին պարտեզի վրա: Զբոսնելիս տեսնում էինք խնձորների բլուրները՝ այդ լուսամուտներից, առանց պատվելու նրանց գոնե մի հարգալից որկրամոլ հայացքով…: Բայց իմ սիրելի ընկերը, Գրիգոր Լաքքան, նույն կարծիքին չէր. նրա գնահատումը դեպի այդ ոսկեգույն պտուղները՝ պաշտամունքի էին հասնում, և չբավարարվելով մեր բաժին մի քանի տասնյակ խնձորից, որ զիջում էիք նրան, համոզեց ինձ մեխով զինված մի փայտով զբոսանքի ժամանակ մառանի լուսամուտից օրական մի քանի տասնյակ ևս որսալ այդ խնձորներից: Չանցավ մի քանի շաբաթ, և խնձորի բլուրները սկսեցին իջնել վրդովեցուցիչ արագությամբ: Այս երևույթից սարսափած՝ մառանապետ աղբայր Պիոսը, ցանկանալով անպայման այդ անբնական երևույթին վերջ դնել և բռնել հանցավորին, հանճարեղ հղացում ունեցավ՝ զբոսանքի պահին թաքնվել պտուղների կույտի տակ: Արժանապատիվ Պիոսը ճաղատ էր, և այդքան խնձորների մեջ կարելի էր զանազանել նրա գլուխը խնձորից: Իսկ ես իմ ընկերոջ անհագուրդ ախորժակը գոհացնելու բարի ցանկությամբ, խնձորները որսալիս, իհարկե, մեխով հանդիպեցի նրա գլխին:

Պիոսը, արյուն լվա դուրս պրծնելով խնձորների տակից, շտապեց հայտնել եղելությունը տեսչին: Դա թեև խնձորների գոնե մի մասը փրկեց Լաքքայի ամենակուլ կոկորդից, բայց մի անգամ ևս համոզեց իմ դաստիարակներին, որ խստագույն պատիժն անգամ անընդունակ էր ուղղել ինձ:

Այս անգամ դպրոցի «Պատժո տախտակի» վրա, ուր միշտ փայլում էր կավիճով գրված՝ իմ անունը, տեսչի կարգադրությամբ փորագրվեց որպես հավիտենական մեղադրանք անտանելի աշակերտիս:

Աղբյուրը`  Վահրամ Փափազյան «Հետադարձ հայացք»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s