Մովսես Սաֆարյանի ազատագրական ծրագր։Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը

Հայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները: Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին:

18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել: 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում: Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում:

1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում: Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին: Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին:

Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:

Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու:

18-րդ դարի 80-ական թթ. աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը: Դրան մեծապես խթանեց 1783թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը: Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին: Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում: Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես Հովսեփ Արղությանը Ռուսաստանում, այնպես էլ Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում:

Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին:

Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ: Այն բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s